Առասպելներ

Հայկ և Բել

«Հայկ և Բել» ավանդավեպի ենթահիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի` սեմական ժողովուրդների արեգակի աստված կամ Ասորեստանի թագավոր Բելի: Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով

Վահագ

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից է՝ վառվռուն ու խարտյաշ մի պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով: Նա ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա 3 բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվել էին ցավով: Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը: Նրա ծննդյան ձոն-երգը, որը հնագույն առասպելաբանական հիմներգ է, գրառել ու մեզ է ավանդել Մովսես Խորենացին: Հին հայերը հավատում էին, որ ամպրոպի ժամանակ երկնքում ծնվում կամ երկրի խորքերից երկինք են բարձրանում սև ու ամեհի վիշապներ, կուլ են տալիս Արեգակը, խավարով պատում երկինքն ու երկիրը և փակում երկնային ջրերի ճանապարհը: Այդ ժամանակ երկնային ծիրանի ծովից ծնված լուսեղեն Վահագնը հարձակվում է սև ու խավար վիշապ-հրեշների վրա, սպանում նրանց և Արեգակն ու երկնային ջրերն ազատում գերությունից: Այստեղից էլ՝ նրա «Վիշապաքաղ» մականունը: Ազատված երկնային ջրերն անձրևի նման թափվում են երկրի վրա, և երկնքում փայլում է պայծառ Արեգակը: Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում Վահագնը վկայվում է նաև որպես Արեգակ աստված: Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ և հայոց այլ բարձր լեռներ դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված մի ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (Վահագնը) գիշերը ծովում լողանալուց հետո առավոտյան Վարագի գագաթից բարձրանում է երկինք, և նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ, որոնք խորհրդանշում են կենդանակերպի 12 համաստեղությունները:Վահագնի անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր: Հայ թագավորներն ու զորավարները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում:Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր՝ Քարքե լեռան լանջին: Մեհյանում դրվել են Վահագնի մեծ, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Աստղիկը համարվել է Վահագնի հարսնացուն, նրա սրահը կոչվել է նաև «սենյակ Վահագնի»: Վահագնի տաճարն անվանել են Վահևանյան, որովհետև այն ժառանգաբար սպասարկել են Վահնունի կամ Վահևունի տոհմի քրմերը: Վահագնի պաշտամունքը կատարվել է ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը: Վահագնը նույնացվել է պատերազմը խորհրդանշող Հրատ (Մարս) մոլորակին, որին հին հայերն «Ատրահեր» («Հուրհեր») մականունն են տվել: Տես նաև ԱնահիտԱստղիկԱրամազդՀեթանոս աստվածներ:
Վահագնի ծնունդը

«Երկնում էր երկինք, 

երկնում էր երկիր,

Երկնում էր և ծովը ծիրանի.

Երկունքը բռնել էր ծովում

Նաև կարմրիկ եղեգնիկին,

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում

Խարտյաշ մի պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ»:

(Աշխարհաբարը՝  Ստեփան Մալխասյանցի)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s