Սնկեր

Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ: Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր: Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): 

Թունավոր սնկեր

Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են: Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են: Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է: Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության:

Սնկերի կիրառությունը և սունկը որպես սննդամթերք

Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի: Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ: Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ: Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը: Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր: Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո: Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են: Բազմաթիվ վայրի  և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ: Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր: Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև` կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են: Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն:Սննդարարության հետ միասին, ուտելի սնկերն արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ, դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում: Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ սնկերում պարունակվող մեծ քանակությամբ թաղանթանյութը ոչ միայն դժվար է յուրացվում, այլև նվազեցնում է մյուս սննդանյութերի յուրացումը: ՀՀ-ում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը  բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով: Ընդ որում` յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ: Կա նաև տներում աճեցվող թեյի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s