Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն
Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը։

Վահան Զատիկյանի անվան այգի
Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 1999թ. անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով: Ընդգրկում է Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջնամասը: Այստեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգի
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում է: Այգում տեղադրված է Դավիթ Անհաղթի արձանը:

Մանկական այգի
1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։

«Հաղթանակ» զբոսայգի
30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակներին։ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո՝ Հաղթանակի օրվա առթիվ, այգում կառուցվեց «Հաղթանակ» հուշահամալիրը։ 1950թ. Երքաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի ենթակայությամբ հուշահամալիրի շուրջն ստեղծվեց մշակույթի և հանգստի գոտի։ Նույն թվականին այգում կանգնեցվեց Ստալինի արձանը, որը մնաց մինչև 1962թ.։ 1967թ. նույն պատվանդանին կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը։ «Հաղթանակ» զբոսայգում են գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, «Ո’չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, «Արևիկ» լճակը, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ։ Ես այլցելել եմ «Հաղթանակ» զբոսայգին

Սիրահարների այգի
Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։ Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։ Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։

Բուսաբանական այգի
1935թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ Երևանի հյուսիսում՝ 105 հա տարածքի վրա, հիմնվել է Երևանի բուսաբանական այգին։ 1954թ. այգում ստեղծվել է «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» հատվածը, որում տեղ են գտել մոտ 1000 անուն բույսեր։ 60-70-ական թվականներին բուսաբանական այգում մոտ 5000 անուն բուսատեսակ կար։ Վերջին 10-15 տարիներին վերացել է տեսականու գրեթե կեսը, մասնավորապես՝ արևադարձային բույսերը։ Ես այլցելել եմ Բուսաբանական այիգին
