Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես։Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։ Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ –ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։ Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։ Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ 2009թ. հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորի բնակչության թիվը կազմում է 55800 մարդ, որից 19500-ը քաղաքային բնակչություն է, իսկ 36500-ը` գյուղական։ Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։