Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք: Երկարությունը 141 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ2 (առանց Սևանա լճի): Արաքս է թափվում ծովի մակերևույթից 820 մ բարձրության վրա: Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ: Գետի ընդհանուր անկումը մոտ 1100 մ է: Համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ: Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորգետնյա (51%) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները` ամռանն ու աշնանը: Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից: Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):Տես նաև Արաքս, Գետեր:
